Էդուարդ Սպերցյանը տրանսֆերների մասին. ինչու՞ է նա դեռ «Կրասնոդարում»
«Կրասնոդարի» ավագն ու ՌՊԼ-ի չեմպիոնական մրցավազքի առաջատարը՝ Էդուարդ Սպերցյանը, խոսել է հնարավոր տրանսֆերների, եվրոպական ակումբների հետաքրքրության և ակումբից հեռանալու իր վերաբերմունքի մասին։ Championat.com կայքին տված հարցազրույցում Սպերցյանը մանրամասն բացատրել է, թե ինչու դեռևս մնում է Ռուսաստանում, չնայած բազմաթիվ առաջարկներին։
Կիսապաշտպանը հաստատել է, որ վերջին տարվա ընթացքում իր նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Բորուսիան», «Յուվենտուսը», «Ինտերը», «Լացիոն», «Լանսը», «Ժիրոնան», «Ֆիորենտինան» և նույնիսկ ՊՍԺ-ն։ Սակայն փարիզյան ակումբից կոնկրետ առաջարկ չի եղել, միայն նրա գործակալն է բանակցություններ վարել Ֆրանսիայի մայրաքաղաքում։
Ամենաիրական առաջարկը ստացել է «Լանսից» 2023 թվականի ամռանը։ Սակայն ֆրանսիացիների առաջարկած գումարը ավելի քիչ է եղել, քան «Այաքսի» մեկ տարի առաջ առաջարկածը։ Սպերցյանն ընդգծել է, որ չէր կարող պահանջել տրանսֆեր, երբ իր համար առաջարկվող գումարը նվազում էր, չնայած իր՝ որպես ֆուտբոլիստ, առաջընթացին։
«Ինչ վերաբերում է ՊՍԺ-ին, ապա իմ գործակալը Փարիզում էր, ուներ որոշակի շփումներ իմ հարցով, ու վերջ։ Եվ, եթե չեմ սխալվում, Մոտի Սաֆոնովից հետաքրքրվել էին ինձնով ու ևս մի քանի խաղացողներով։ Բայց ոչ մի առաջարկ կամ հեռախոսազանգ չի եղել։ Ոչ ոքի հետ չեմ խոսել։ Ամռանը «Լանսն» ամենամոտ առաջարկն արեց։ Մնացածը՝ իմ ակումբի հարցերն են։ «Յուվենտուսից» հետաքրքրություն կար, շփումներ եղան։ «Ժիրոնան» ամռանը դիմել էր «Կրասնոդարին» առաջարկով։ «Լիդսից» էլ առաջարկ եղավ այս ձմռանը, մի քանի շաբաթ առաջ, ոչ թե տրանսֆերային պատուհանի վերջին օրերին»,- ասել է Սպերցյանը։
Ֆուտբոլիստն ընդգծել է, որ պատրաստ էր տեղափոխվել ցանկացած հետաքրքրված ակումբ։ Սակայն հեռանալու կարևոր պայմանը լուրջ առաջարկն է, որը այս ձմռանը չի եղել։ Մասնավորապես, «Լիդսը» հետաքրքրություն է ցուցաբերել, բայց անգլիական ակումբի կողմից հստակ քայլեր չեն եղել։ Հայ ֆուտբոլիստն ընդգծել է, որ նույնիսկ պատրաստ էր տեղափոխվել Չեմպիոնշիփ։
«Ինչո՞ւ ոչ։ Ամենայն հավանականությամբ, նրանք դուրս կգան Պրեմիեր լիգա, նրանք առաջին տեղում են։ Բայց «Կրասնոդարն» էլ առաջինն է։ Այո, ուզում եմ հեռանալ, բայց չեմ կարող պարզապես լքել ակումբը։ Որպեսզի ձմռանը ինձ բաց թողնեին, առաջարկը պետք է շատ լավը լիներ, և ակումբը պետք է մեծ ցանկություն ունենար ինձ ձեռք բերելու։ Այս ձմռանը նման առաջարկ պարզապես չեղավ»,- ասել է նա։
Սպերցյանը խոստովանել է, որ 2023 թվականի ամռանը, երբ «Այաքսի» տարբերակը կար, շատ էր անհանգստանում և բառացիորեն ապրում էր տրանսֆերի սպասումով։ Սակայն հիմա այլևս չի կենտրոնանում այդ մտքի վրա։
«Ես խաղում եմ Ռուսաստանի ամենաուժեղ ակումբում, անցել եմ լավագույն ակադեմիայով։ Եթե մեկը գա ինձ համար, ապա կլքեմ ակումբը»։
Կիսապաշտպանը նշել է, որ չի նախանձել իր թիմակից, դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի՝ ՊՍԺ տեղափոխությանը։
«Դու նայում ես նրան ու հասկանում, որ ամեն ինչ հնարավոր է։ Եթե այս ամռանը հեռանամ, դա գեղեցիկ պատմություն կլինի՝ մենք երկուսս էլ կլքենք ակումբը 25 տարեկանում»,- կիսվել է Սպերցյանը։
Սպերցյանը չի կարծում, որ «աճել է» Ռուսաստանի առաջնությունից, չնայած երբեմն իր խաղամակարդակը ստիպում է մտածել հեռանալու մասին։ Նա ընդգծում է, որ ՌՊԼ-ն դեռևս մնում է բարդ մրցաշար, նույնիսկ ընդհանուր մակարդակի անկման ֆոնին։
«Ես ուզում եմ տիտղոս հաղթել «Կրասնոդարի» հետ, ուզում եմ տեղափոխվել Եվրոպա։ Ես 24 տարեկան եմ, ինչո՞ւ պետք է իջեցնեմ իմ պահանջները»։
Ֆուտբոլիստը նշել է, որ հաճախ քննարկում է Եվրոպայի թեման «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկու հետ, բայց այդ զրույցների մանրամասները գաղտնի է պահում։ Ինչ վերաբերում է «Զենիթի» հետաքրքրությանը, ապա Սպերցյանը տեղյակ էր, բայց երբեք անձամբ չէր շփվել ակումբի ներկայացուցիչների հետ և կտրականապես մերժել է այդ հնարավորությունը։
««Զենիթի» մասին խոսակցությունը շատ կարճ կլիներ, ինչքան գումար էլ որ առաջարկեին»,- նշել է նա։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0