Էդգար Մովսեսյանը կշարունակի կարիերան Կիպրոսում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կիպրոսյան «Օմոնիա մայիսի 29» ակումբը պաշտոնապես հայտարարեց հայ հարձակվող Էդգար Մովսեսյանի հետ պայմանագիր կնքելու մասին։ 26-ամյա ֆուտբոլիստը (ծննդյան ամսաթիվը՝ 1998 թ. սեպտեմբերի 9) հանդես է գալիս եզրային հարձակվողի դիրքում։
«Մենք ուրախ ենք ողջունել Էդգարին «Օմոնիայի» մեծ ընտանիքում և մաղթում ենք նրան բազմաթիվ հաջողություններ՝ երեքնուկը կրծքին կրելով», – ասվում է ակումբի հայտարարության մեջ։
Լրագրող Սուրեն Մելիքսեթյանի (աղբյուր՝ MS_FootballPlus) հետ զրույցում Մովսեսյանը նշեց, որ մի քանի առաջարկներ ուներ հայկական ակումբներից, սակայն որոշեց փորձել ուժերը նոր առաջնությունում․
«Մակեդոնական «Ռաբոտնիչկին» նույնպես ցանկանում էր հրավիրել ինձ։ Կիպրոսի Բարձրագույն լիգա դուրս եկած «Ակրիտաս Խլորական» նույնպես հետաքրքրված էր իմ ծառայություններով, բայց ի վերջո ես ընտրեցի «Օմոնիա Մ29»-ը․ ակումբի առաջ նպատակ է դրված վերադառնալ Բարձրագույն լիգա»։
Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել 1+1 սխեմայով։ Եթե թիմը կատարի Կիպրոսի ուժեղագույն դիվիզիոն վերադառնալու խնդիրը, համաձայնագիրը ավտոմատ կերպով կերկարաձգվի ևս մեկ մրցաշրջան՝ բարելավված պայմաններով։
Անցած մրցաշրջանը Էդգարը անցկացրել է «Ուրարտուում», որտեղ խփել է 5 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Նախկինում նա հաջողությամբ հանդես է եկել նաև «Նոայի» և «Վանի» կազմում։
Մովսեսյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրել է 8 հանդիպում և ավելի քան 20 խաղ՝ մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0