«Դիմացանք ու հաղթեցինք». Պետրոսովը՝ կյանքի խաղի և փլեյ-օֆֆ դուրս գալու մասին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է պատմություն կերտել ԵՎՐՈ-2026-ում։ Խմբային փուլի երկրորդ տուրում թիմը դրամատիկ խաղում 5:4 հաշվով հաղթեց Չեխիային՝ ապահովելով B խմբում առաջին տեղը և փլեյ-օֆֆի ուղեգիր։
Հանդիպման հերոսներից մեկը դարձավ Արսեն Պետրոսովը, ով խփեց Հայաստանի հավաքականի գոլերից մեկը և դարձավ ֆուտզալի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ գոլի հեղինակներից մեկը (19 տարեկան, 8 ամսական)։ Խաղից հետո նա բացառիկ հարցազրույց տվեց Sportarn.com-ին։
Հարցազրույց Արսեն Պետրոսովի հետ
Չեխիայի դեմ խաղի մասին
— Ի՞նչ զգացողություններ ունես խաղից հետո, ինչպես ընթացավ խաղը։
— Խաղից հետո միայն դրական զգացողություններ են։ Մենք ամեն ինչ տվեցինք խաղին, լիովին նվիրվեցինք։ Չեխիայի դեմ սկզբում ամեն ինչ այնքան էլ լավ չէր ստացվում։ Բայց առաջին խաղակեսի միջնամասը և վերջնամասը շատ որակյալ անցկացրինք։ Ընդմիջմանը խոսեցինք, թոթափեցինք պատասխանատվության բեռը․ ի վերջո սա փլեյ-օֆֆ դուրս գալու ամենակարևոր խաղն էր։ Երկրորդ խաղակեսում շատ լիցքավորված էինք, իսկապես հիանալի խաղացինք։ Վերջում մի փոքր ձախողվեցինք, մի քանի գոլ բաց թողեցինք, բայց դիմացանք, հաղթեցինք, և հիմա մենք փլեյ-օֆֆում ենք։
Անձնական պատմական նվաճման մասին
— Դու դարձար ԵՎՐՈ-ում գոլ խփած երկրորդ ամենաերիտասարդ խաղացողը։ Ի՞նչ ես զգում։
— Զգացողությունները առանձնահատուկ են։ Սկզբում մտածում էի, որ պատմության մեջ ամենաերիտասարդն եմ, շատ ալիքներ այդպես էլ գրում էին, բայց հետո իմացա, որ երեկ մի լեհ խաղացող գոլ է խփել և ինձնից երկու ամսով փոքր է։ Մի քիչ տխրեցի (ժպտում է)։
Գոլի նվիրելու մասին
— Ո՞ւմ նվիրեցիր քո գոլը։
— Իմ ընկերուհուն։ Նա շատ ուրախացավ։
1/4 եզրափակչում հնարավոր մրցակցի մասին
— A խմբից ո՞ւմ դեմ կուզենայիր խաղալ։
— Վրաստանի դեմ։ Վերջերս նրանց հետ խաղացել ենք Երևանում ընկերական մրցաշարում, գիտենք նրանց ուժեղ ու թույլ կողմերը, և այն ժամանակ կարողացանք հաղթել։ Բացի այդ, սա Անդրկովկասյան դերբի է։
Մրցաշարին պատրաստվելու մասին
— Ինչպե՞ս էիք պատրաստվում ԵՎՐՈ-ին։
— Դեկտեմբերին կարճ հավաք ունեցանք, իսկ արդեն հունվարին լիարժեք պատրաստվում էինք հենց Եվրոպայի առաջնությանը։ Ուսումնասիրում էինք մրցակիցներին, հատկապես Ուկրաինային․ այն համարվում էր մեր խմբի ամենաուժեղ թիմը։ Նպատակային պատրաստվում էինք առաջին խաղին հենց նրանց դեմ և արդյունքում կարողացանք հաղթել։
Թիմի ամենաերիտասարդ խաղացողի դերի մասին
— Դու թիմի ամենաերիտասարդն ես։ Փորձառու խաղացողները օգնո՞ւմ են։
— Իհարկե։ Մենք խաղում ենք մեր երկրի համար, դա մեծ պատասխանատվություն է։ Թիմակիցներն ու մարզիչները օգնում են ինձ զսպել հույզերը, վերահսկել ինձ։
Հավաքականի նպատակների մասին
— Մինչ ԵՎՐՈ-ն մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ասել էր, որ նվազագույն նպատակը մեկ խաղ հաղթելն է, առավելագույնը՝ խմբից դուրս գալը։ Այդ նպատակներն արդեն կատարված են։ Ի՞նչ է հաջորդը։
— Թիմի ներսում մենք ֆեդերացիայի դրված խնդիրները չէինք քննարկում։ Մեր նպատակն է նվազագույնը դուրս գալ խմբից, առավելագույնը՝ դառնալ մրցաշարի մեդալակիրներ։ Ունենք բարձր հավակնություններ։ Այսպիսի մրցաշարում շատ ենք ուզում լինել լավագույն քառյակում։
Հայաստանի հավաքականը իր պատմության մեջ առաջին անգամ այսքան վստահ է անցնում ԵՎՐՈ-ի խմբային փուլը, իսկ նոր սերնդի խաղացողներն արդեն հայտարարում են իրենց մասին մայրցամաքային մակարդակում։ Պատմությունը նոր է սկսվում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0