«Դեպորտիվո Արմենիոն» հաջող մրցաշրջանն ավարտեց՝ երկրորդ դիվիզիոն դուրս գալուց մեկ քայլ հեռու
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Բուենոս Այրեսի հայ-արգենտինական «Դեպորտիվո Արմենիոն» ֆուտբոլային ակումբը մրցաշրջանն ավարտեց՝ Արգենտինայի երկրորդ դիվիզիոն բարձրանալուց մեկ քայլ հեռու։ Ինխենիերո Մասկվիցի հայկական համայնքը ներկայացնող թիմը հասավ Պրիմերա B-ի փլեյ-օֆֆի եզրափակիչ, սակայն կանգ առավ բարձրացման համար պայքարի վերջին փուլում։
Մրցաշրջանը «Դեպորտիվո Արմենոյի» համար միանշանակ չէր։ Ապերտուրայի մրցաշարում ակումբը զբաղեցրեց միայն 16-րդ տեղը, սակայն առաջնության երկրորդ հատվածում՝ Կլաուսուրայում, թիմը զգալի առաջընթաց գրանցեց և ավարտեց մրցաշրջանը բարձր 4-րդ հորիզոնականում։ Տարվա ընդհանուր աղյուսակում (Tabla Anual) «Արմենիոն» նույնպես դարձավ չորրորդը, ինչը թույլ տվեց դուրս գալ փլեյ-օֆֆ, որտեղ խաղարկվում էր երկրորդ դիվիզիոնի միակ ուղեգիրը։
Փլեյ-օֆֆի շրջանակում «Դեպորտիվո Արմենիոն» հերթականությամբ հաղթեց «Սպորտիվո Իտալիանոյին» (2:1) և «Արխենտինո դե Մերոլոյին» (2:1)։ Եզրափակիչ փուլում հայկական ակումբը հանդիպեց «Ակասուսոյին», սակայն երկու հանդիպումների արդյունքում զիջեց՝ 0:1 և 1:1 հաշվով՝ ավարտելով մրցաշրջանը փլեյ-օֆֆի արծաթե արդյունքով։
Բացի առաջնությունում հաջող ելույթից, թիմը արժանապատիվ հանդես եկավ նաև Արգենտինայի գավաթում։ 1/32 եզրափակչում «Դեպորտիվո Արմենիոն» սենսացիոն կերպով դուրս թողեց բարձրագույն դիվիզիոնի ներկայացուցիչ «Տալիերեսին» (Կորդովա)՝ հաղթելով 4:3 հաշվով։ 1/16 եզրափակչում հայկական ակումբի ճանապարհը փակեց էլիտար դիվիզիոնի ևս մեկ թիմ՝ «Դեպորտիվո Ռիեստրան», որը հաղթեց լարված պայքարում՝ 3:2։
Չնայած բարձրացման չհասնելուն՝ այս մրցաշրջանը կարելի է համարել «Դեպորտիվո Արմենոյի» վերջին տարիների ամենահաջողներից մեկը՝ հաստատելով ակումբի կայուն զարգացումն ու ապագայի հավակնությունները։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0