Դավիթ Չալոյանը կիսվեց ակնկալիքներով IBA 2025 աշխարհի առաջնությունից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի սուպերծանրքաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը մեծ հարցազրույց է տվել IBA-ի պաշտոնական էջին՝ տղամարդկանց բռնցքամարտի 2025 թվականի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ, որը տեղի կունենա Դուբայում դեկտեմբերի 2-13-ին։ 2021 թ. աշխարհի փոխչեմպիոնը պատմել է իր պատրաստության, մոտիվացիայի և վերջին տարիներին ստացած գլխավոր դասերի մասին։
Չալոյանը ընդգծեց, որ 2021 թ. Բելգրադում կայացած AIBA աշխարհի առաջնության արծաթը իր կարիերայի շրջադարձային պահերից էր.
«2021-ի աշխարհի առաջնությունում արծաթ նվաճելուց հետո հասկացա, թե որքան մեծ նշանակություն ունի փորձը նման մասշտաբի մրցաշարերի համար։ 2025 թ. աշխարհի առաջնությանն իմ պատրաստությունն արդեն շատ ավելի գիտակցված է։ Ավելի մեծ ուշադրություն եմ դարձնում ռազմավարությանը, մրցակիցների վերլուծությանը, ինչպես նաև ֆիզիկական ու հոգեբանական պատրաստությանը»։
Ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությունից բացի, Չալոյանը նշել է, որ իր նպատակներն այսօր ավելի հավակնոտ են.
«Այլևս չեմ ուզում պարզապես մասնակցել մեծ մենամարտերի՝ ուզում եմ հաղթել դրանք։ Այժմ ամեն ինչին մոտենում եմ սառը գլխով, և վստահությունն իմ մեջ անսասան է»։

Ամենաբարդ մրցակիցը և շրջադարձային պահը
Չալոյանը հիշեց նաև իր սիրողական կարիերայի ամենադժվար մենամարտը՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Պետրովսկու դեմ 2021 թ. եզրափակիչը.
«Այդ եզրափակիչը իսկական քննություն էր ինձ համար։ Մենամարտի ինտենսիվությունը տպավորիչ էր․ շատ մոտ էի աշխարհի չեմպիոնին պարտության մատնելուն, սակայն այդպես չեղավ։ Այդ մենամարտից հետո ես սկսեցի ինձանից ավելի բարձր պահանջել, ավելի քրտնաջան աշխատել և ավելի խոր մտածել»։
IBA-ի 2025 թվականի աշխարհի առաջնությունն խոստանում է լինել ամենախոշորներից մեկը ոչ միայն մասնակիցների թվով, այլև ֆինանսական բաղադրիչով․ կազմակերպիչները հայտարարել են ռեկորդային մրցանակային ֆոնդ՝ 8 միլիոն դոլար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0