2025 թվականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնություն․ առաջին օրվա արդյունքներ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 18-ին, Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկեց 2025 թվականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Առաջին օրը որոշվեցին 55, 77, 82 և 130 կգ քաշային կարգերի եզրափակիչ մասնակիցները։
Հայաստանի հավաքականը ներկայացնում էին չորս մարզիկներ․ Մանվել Խաչատրյան (55 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Սամվել Գրիգորյան (82 կգ) և Ռազմիկ Քուրդյան (130 կգ)։ Մրցումների արդյունքում միայն Մալխաս Ամոյանը կարողացավ դուրս գալ եզրափակիչ, որտեղ նա կպայքարի օլիմպիական չեմպիոն Նաո Կուսակայի (Ճապոնիա) դեմ։
Հետաքրքիր է, որ հենց Ամոյանն էր առաջին օրվա միակ ըմբիշը, որ կարողացավ հաղթել Իրանի ներկայացուցչին։ Մնացած երեք քաշային կարգերում իրանցի ըմբիշները դուրս եկան եզրափակիչ։
Հատկապես հետաքրքիր պայքար ծավալվեց 77 կգ քաշային կարգում։ Չնայած այն բանին, որ եզրափակիչում հանդիպելու են գլխավոր ֆավորիտները՝ Կուսական և Ամոյանը, շատ այլ առաջատարներ դուրս մնացին մրցաշարից դեռ վաղ փուլերում։ Ասիայի չեմպիոն Արամ Վարդանյանը (Ուզբեկստան) առաջին գոտեմարտում պարտվեց Ռոբերտ Ֆրիտշին (Հունգարիա), որը հետագայում հաղթեց նաև Ալեքսանդրին Գուտուին (Մոլդովա)։ Ադրբեջանցի Սանան Սուլեյմանովը պարտվեց 21-ամյա իրանցի Ալիրեզա Աբդեվալիին, որին հետագայում առավելեց Ամոյանը։
Օրվա արդյունքներով եզրափակիչ դուրս եկան երեք ըմբիշ Վրաստանից և երեքը՝ Իրանից, ինչպես նաև մեկական մարզիկ Ճապոնիայից և Հայաստանից։
Առաջին օրվա արդյունքները
55 կգ
Ելդանիզ Ազիզլի (Ադրբեջան) — Փայամ Բոլուոտակի (Իրան) 1:3
Մուհամմեթ Չաքիր (Թուրքիա) — Վახթանգ Լոլուա (Վրաստան) 2:2 -/+
Եզրափակիչ՝ Փայամ Բոլուոտակի (Իրան) — Վախթանգ Լոլուա (Վրաստան)
77 կգ
Ռոբերտ Ֆրիտշ (Հունգարիա) — Նաո Կուսակա (Ճապոնիա) 1:3
Մալխաս Ամոյան (Հայաստան) — Ալիրեզա Աբդեվալի (Իրան) 5:1
Եզրափակիչ՝ Նաո Կուսակա (Ճապոնիա) — Մալխաս Ամոյան (Հայաստան)
82 կգ
Գոլամրեզա Ֆարոխեիսեյջանի (Իրան) — Կառլո Կոդրիչ (Խորվաթիա) 7:1
Տաիզո Յոշիդա (Ճապոնիա) — Գելա Բոլքվաձե (Վրաստան) 5:8
Եզրափակիչ՝ Գոլամրեզա Ֆարոխեիսեյջանի (Իրան) — Գելա Բոլքվաձե (Վրաստան)
130 կգ
Ամին Միրզազադե (Իրան) — Վենհաո Ճիանգ (Չինաստան) 3:1
Դարիուս Վիտեկ (Հունգարիա) — Պավել Գլինցուկ (Բելառուս) 1:1 +/-
Եզրափակիչ՝ Ամին Միրզազադե (Իրան) — Դարիուս Վիտեկ (Հունգարիա)
Եզրափակիչ գոտեմարտերը կանցկացվեն սեպտեմբերի 19-ին, 18:00-ին, Զագրեբում։
Վաղը, սեպտեմբերի 19-ին, պայքարը կսկսեն 60, 72 և 97 կգ քաշային մարզիկները։ Հայաստանից հանդես կգան Հրաչյա Պողոսյանը, Գոռ Խաչատրյանը և Արթուր Ալեքսանյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0