Ծանրամարտի Եվրոպայի 2026 թվականի առաջնությունը Բաթումում կանցկացվի անսովոր ձևաչափով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Առաջիկա 2026 թվականի Եվրոպայի առաջնությունը ծանրամարտում, որը կանցկացվի ապրիլի 19–26-ը Բաթումում (Վրաստան), կտարբերվի նախորդ մրցաշարերից։
Մրցումների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ մրցաշարը կլինի նաև 2026 թվականի Համագործակցության խաղերի որակավորման փուլ։ Այդ պատճառով Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ոչ միայն ավանդական եվրոպական հավաքականները։
Բաթումում սպասվում է այնպիսի թիմերի մասնակցություն, ինչպիսիք են Ջերսին, Ջիբրալթարը, Մեն կղզին, ինչպես նաև Հարավային Աֆրիկան (մրցակցությունից դուրս)։ Բացի այդ, մրցաշարում հանդես կգան Մեծ Բրիտանիայի առանձին հավաքականը, ինչպես նաև Անգլիայի, Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի թիմերը։
Հետաքրքիր է, որ Անգլիայի հավաքականի կազմում հանդես կգա հայ ծանրամարտիկ Էդմոն Ավետիսյանը, ով կպայքարի Համագործակցության խաղերի ուղեգրի համար։ Հայ ազգությամբ մարզիկներ հայտավորված են նաև Ռուսաստանի, Ուկրաինայի, Ավստրիայի և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականներում։
Հայաստանի հավաքականի նախնական կազմը այս պահին ընդլայնված է․ հայտավորված են 22 ծանրամարտիկներ, այդ թվում՝ 7 մարզիկ պահեստային կազմում։ Թիմի վերջնական հայտացուցակը կհրապարակվի մրցաշարի մեկնարկին ավելի մոտ։
Հարկ է նշել, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի միաժամանակ 2026 թվականի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության հետ, որը տեղի կունենա ապրիլի 20–26-ը Տիրանայում (Ալբանիա)։ Սա լրացուցիչ դժվարություններ կստեղծի երկու խոշոր մրցաշարերի լուսաբանման համար, սակայն մենք կփորձենք հնարավորինս մանրամասն ներկայացնել երկու մրցումները, որոնք կարևոր են Հայաստանի համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0