Գևորգյան եղբայրները կխաղան Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում
Գերմանիայում ծնված երիտասարդ տաղանդներ Մարկ և Մայք Գևորգյանները մասնակցելու են Հայաստանի երիտասարդական հավաքականի հունիսյան ուսումնամարզական հավաքին և ընկերական հանդիպմանը, այս մասին հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
Երկու ֆուտբոլիստներն էլ երկվորյակ եղբայրներ են և այժմ 19 տարեկան են։ Կիսապաշտպան Մայք Գևորգյանը հաջողությամբ հանդես է գալիս «Մյունխեն 1860» ակումբի երկրորդ թիմում Օբերլիգայում՝ այս մրցաշրջանում խփելով 8 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։ Նա արդեն իր նորամուտն է նշել նաև հիմնական կազմում Գերմանիայի երրորդ Բունդեսլիգայում՝ մասնակցելով երկու հանդիպման։
Ֆլանկային պաշտպան Մարկ Գևորգյանը, ով հանդես է գալիս «Հանովեր 96 II»-ում, վերջերս է ապաքինվել վնասվածքից և դեռ այս մրցաշրջանում խաղադաշտ դուրս չի եկել։ Այնուամենայնիվ, նա փորձ ունի Գերմանիայի մինչև 17 տարեկանների հավաքականում, որի կազմում անցկացրել է հինգ հանդիպում։
Երկու ֆուտբոլիստներն էլ տարբեր ժամանակահատվածներում ուսում են ստացել «Ռեդ Բուլ Զալցբուրգ» ակադեմիայում, որտեղ Մարկը երկար ժամանակ է մնացել։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0