Չեմպիոն եղբայրներ՝ Համլետ և Հայկ Մանուկյաններ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ մարզիկներ Համլետ և Հայկ Մանուկյանները բացառիկ հաջողությունների են հասել՝ ընդամենը երկու շաբաթ տարբերությամբ իրենց սպորտաձևերում դառնալով Եվրոպայի չեմպիոններ։ 17-ամյա Համլետ Մանուկյանը Եվրոպայի մեծահասակների սպորտային մարմնամարզության առաջնությունում նվաճեց ոսկե մեդալ, իսկ 16-ամյա Հայկ Մանուկյանը դարձավ Եվրոպայի պատանեկան հունահռոմեական ըմբշամարտի առաջնության չեմպիոն։
Համլետ Մանուկյանը փայլուն դեբյուտ ունեցավ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում, որը կայացավ 2025 թվականի մայիսի 30-ին Լայպցիգում։ Հայ մարմնամարզիկը չեմպիոն դարձավ նժույգի վրա վարժության կատարման արդյունքում՝ ստանալով 14.766 միավոր և վստահորեն գրավելով առաջին տեղը։

12 օր անց՝ հունիսի 11-ին, Սկոպյեում Հայկ Մանուկյանը կանգնեց պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին պատանեկան Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում (մինչև 17 տարեկան տարիքային խմբում)։ Մինչև 60 կգ քաշային կարգի եզրափակչում նա հաղթանակ տարավ ադրբեջանցի մրցակցի նկատմամբ՝ նվաճելով ոսկե մեդալ։ Այս հաղթանակը նաև ապահովեց Հայաստանի հավաքականի առաջին տեղը թիմային հաշվարկում։

Sportaran.com-ի տեղեկություններով՝ Հայկն ու Համլետը զարմիկներ են․ նրանց հայրերը եղբայրներ են։ Հետաքրքիր է, որ մանկության տարիներին Համլետն էլ է ըմբշամարտով զբաղվել, սակայն հետագայում ընտրել է մարմնամարզությունը, որտեղ էլ հասել է իր եվրոպական փառքին։ Երկու մարզիկներն էլ ծնվել են Արմավիրի մարզի Ապագա գյուղում։
Այսպիսով՝ միևնույն ընտանիքից երկու երիտասարդ տաղանդներ դարձել են Հայաստանի մարզական հպարտության խորհրդանիշ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0