«Բորուսիա» Մ-ը խոշոր հաշվով պարտվեց «Հոֆենհայմին», Ռանոսը կրկին մնաց առանց խաղաժամանակի
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» խոշոր պարտություն կրեց «Հոֆենհայմից» Բունդեսլիգայի 17-րդ տուրի շրջանակում։ Հանդիպումն ավարտվեց 1:5 հաշվով։ Խաղի գլխավոր հերոսը դարձավ Անդրեյ Կրամարիչը, ով ձևակերպեց հեթ-տրիկ։ Տանտերերի կազմում մեկական գոլ խփեցին նաև Լեմպերեն ու Մյորշտեդտը։ «Գլադբախի» միակ գոլի հեղինակը Սյուտո Մատինոն էր։
Հայաստանի ազգային հավաքականի 22-ամյա հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը կրկին ընդգրկված էր խաղի հայտացուցակում, սակայն այդպես էլ չհայտնվեց խաղադաշտում։ Նման իրավիճակ էր նաև նախորդ տուրում «Աուգսբուրգի» դեմ խաղում, որտեղ խաղաժամանակ ստացավ 17-ամյա Վաել Մոհյան, սակայն ոչ հայ հարձակվողը։
Խոշոր պարտությունից հետո Մյոնխենգլադբախի «Բորուսիան» զբաղեցնում է 10-րդ տեղը Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։
Խաղային պրակտիկայի բացակայությունը կարող է Ռանոսի համար ազդակ դառնալ՝ մտածելու ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը փոխելու մասին։ Հատկանշական է, որ հարձակվողը ոչ մի րոպե չստացավ նաև Թուրքիայում անցկացվող ձմեռային հավաքի ընթացքում կայացած ընկերական խաղում․ նա դարձավ թիմի 24 ֆուտբոլիստներից միակը, որը չմասնակցեց վերահսկիչ հանդիպմանը։
Այս պահին հայ հարձակվողի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ տեղեկատվություն կամ լուրեր չկան, սակայն «Բորուսիան» պատրաստ է դիտարկել նրա հեռանալու տարբերակը առաջարկ ստանալու դեպքում։
Ընթացիկ մրցաշրջանում Գրանտ-Լեոն Ռանոսը Բունդեսլիգայում անցկացրել է 8 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0