Մարատ Գրիգորյանի և Կայտո Օնոյի մենամարտը չեղարկվեց․ 350 գրամ, որոնք փոխեցին ամեն ինչ
Շատ սպասված մենամարտը՝ հայ կիքբոքսեր Մարատ Գրիգորյանի և ճապոնացի մարտիկ Կայտո Օնոյի միջև, որը պետք է կայանար այսօր՝ մարտի 23-ին, ONE 172 մրցաշարի շրջանակներում, չի կայանա։
Պատճառը Գրիգորյանի կողմից քաշի թույլատրելի սահմանաչափի գերազանցումն էր ընդամենը 350 գրամով, ինչի պատճառով նրա մրցակիցը հրաժարվել է մենամարտից։
Նիդեռլանդական Hemmers Gym մարզադպրոցում մարզվող Մարատ Գրիգորյանը սկզբնական քաշման ժամանակ չկարողացավ համապատասխանել հիդրատացիայի պահանջներին, ինչի պատճառով առաջին փորձը ձախողվեց։ Ավելի ուշ նա անցավ թեստը, սակայն քաշի 350 գրամ ավելցուկը պահպանվեց։ Այսպիսի դեպքերում մարտիկները հաճախ համաձայնվում են միջանկյալ քաշային կարգի (catchweight) մենամարտի, և Գրիգորյանը նույնիսկ առաջարկել է իր հոնորարի 20%-ը որպես փոխհատուցում։ Սակայն Կայտո Օնոյի թիմը մերժել է բոլոր առաջարկները և հրաժարվել է դուրս գալ ռինգ։
Գրիգորյանի արձագանքը
Մենամարտի չեղարկումը մեծ հիասթափություն առաջացրեց հայ կիքբոքսերի մոտ։ Նա իր սոցիալական էջերում կտրուկ արձագանքեց իրավիճակին և խիստ քննադատեց ճապոնացի մարզիկին՝ նշելով, որ քաշի տարբերությունը չափազանց փոքր էր, որպեսզի դա խանգարեր մենամարտին։
«Ցավոք, վատ նորություններ ունեմ։ Ես չկարողացա տեղավորվել քաշային սահմանաչափի մեջ՝ հիդրատացիայի պահանջները պահպանելով պաշտոնական քաշման ժամին։ Առավոտյան կշռում էի 69.5 կգ, բայց ստիպված էի շարունակել ջուր խմել՝ հիդրատացիայի մակարդակին համապատասխանելու համար։ Արդյունքում գերազանցեցի թույլատրելի սահմանը 350 գրամով (0.7 ֆունտ)։ Սա նշանակում էր, որ իմ մրցակիցը կարող էր ստանալ իմ հոնորարի 20%-ը և որոշել՝ կկայանա՞ մենամարտը, թե՞ ոչ։ Այդ 350 գրամը շատ մեծ տարբերություն էր մեր «պատերազմողի» համար։ Նա ցույց տվեց իր իրական դեմքն ու մակարդակը՝ հրաժարվելով կռվել։ Խնդրում եմ ներել ինձ քաշի նորման խախտելու համար, սա առաջին անգամ էր, և այլևս չի կրկնվի։ Այնուամենայնիվ, ես պատրաստ էի դուրս գալ ռինգ՝ 350 գրամ ավել քաշով, բայց իմ մրցակցի համար դա չափազանց մեծ մարտահրավեր էր։ Ցավալի է, որ նա չի ժառանգել ճշմարիտ ճապոնական մարտիկի հոգեբանությունը։ Ավելի լավ է նա թենիսով զբաղվի», – գրել է Մարատ Գրիգորյանը։

ONE 172-ի հանդիսատեսը նույնպես դժգոհ մնաց մենամարտի չեղարկումից։ Այն համարվում էր մրցաշարի ամենասպասված մենամարտերից մեկը, սակայն ի վերջո վերածվեց մեծ սկանդալի։ Չնայած մրցաշարի բարձրակարգ մասնակցությանը, այս միջադեպը որոշ չափով մթագնեց միջոցառման մթնոլորտը։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0