ԲԿՄԱ-ն վստահ հաղթանակ տարավ «Վեստ Արմենիայից»
Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում ԲԿՄԱ-ն սեփական դաշտում 3:0 հաշվով պարտության մատնեց «Վեստ Արմենիային»։ Հանդիպումը կայացավ Երևանի «Ավան» ակադեմիայի մարզադաշտում։
Հաշիվը բացեց ԲԿՄԱ-ի 20-ամյա հարձակվող Միսակ Հակոբյանը, որը 34-րդ րոպեին օգտվեց մրցակցի պաշտպանության սխալից և գրավեց հյուրերի դարպասը։
Երկրորդ խաղակեսը լուրջ հարված դարձավ «Վեստ Արմենիայի» համար։ 57-րդ րոպեին նրանց հարձակվող Սուլեյման Իդրիսը ուղիղ կարմիր քարտ ստացավ՝ թողնելով թիմին մեկ խաղացողի պակասով։ Միայն երկու րոպե անց տանտերերը կրկնապատկեցին իրենց առավելությունը․ Դավիթ Հակոբյանը հստակ իրացրեց 11 մետրանոցը՝ հաշիվը դարձնելով 2:0։
62-րդ րոպեին ԲԿՄԱ-ն վերջնականապես ամրապնդեց իր հաղթանակը։ Նույն Միսակ Հակոբյանի փոխանցումից հետո Նարեկ Հովհաննիսյանը գրավեց «Վեստ Արմենիայի» դարպասը՝ հաշիվը դարձնելով խոշոր՝ 3:0։
Հարկ է նշել, որ խաղը ԲԿՄԱ-ն նույնպես ավարտեց տասը խաղացողով։ 74-րդ րոպեին պաշտպան Էդիկ Վարդանյանը կարմիր քարտ ստացավ, սակայն դա այլևս չազդեց հանդիպման վերջնական արդյունքի վրա։
Այս հաղթանակից հետո ԲԿՄԱ-ն ունի 25 միավոր և զբաղեցնում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը։ «Վեստ Արմենիան» 20 միավորով 8-րդ հորիզոնականում է։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0