SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«ԱԶ»-ը գլխավոր մարզչին ազատել է «Նոա»-ի հետ խաղից առաջ


«ԱԶ»-ը գլխավոր մարզչին ազատել է «Նոա»-ի հետ խաղից առաջ Photo by EYE4images/NurPhoto via Getty Images
Ֆուտբոլ 💬 Comment

Նիդերլանդական «ԱԶ»-ը պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Մաարտեն Մարտենսի հրաժարականի մասին՝ Կոնֆերենցիայի լիգայի փլեյ-օֆֆի 1/16 եզրափակչում հայկական «Նոա» ակումբի դեմ հանդիպումներից առաջ։

Ինչպես հաղորդում է Ալկմարի ակումբի մամուլի ծառայությունը, Մարտենսի հետ համագործակցությունը դադարեցվել է անմիջապես՝ ազգային առաջնությունում թիմի հիասթափեցնող արդյունքների պատճառով։ Վերջին կաթիլը դարձավ Էրեդիվիզիում «ՊԵԿ Զվոլլե»-ից կրած պարտությունը (1:3), որից հետո «ԱԶ»-ը նահանջեց մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնական։ Հատկանշական է, որ ընդամենը երեք օր առաջ ակումբը Նիդերլանդների գավաթում խոշոր հաշվով հաղթել էր «Այաքս»-ին՝ 6:0։

«ԱԶ»-ի ֆուտբոլային հարցերով տնօրեն Մաքս Հեյբերտսը որոշումը բնութագրել է որպես «չափազանց բարդ»՝ ընդգծելով, որ ակումբը թիմից ակնկալում էր ավելի մեծ կայունություն և առաջընթաց։

«Մենք համոզված ենք, որ այս կազմի ներուժը զգալիորեն բարձր է, քան վերջին շրջանում տեսածը։ Չնայած բազմաթիվ վերլուծություններին և քննարկումներին՝ մեզ չհաջողվեց ապահովել անհրաժեշտ զարգացումը, ուստի ստիպված էինք ընդունել այս ծանր որոշումը», — նշել է Հեյբերտսը։

Մաարտեն Մարտենսը «ԱԶ» վերադարձել էր 2021 թվականի ամռանը։ Սկզբում երկու մրցաշրջան գլխավորել է «Յոնգ ԱԶ»-ը, այնուհետև աշխատել որպես օգնական և ժամանակավոր մարզիչ, իսկ 2024 թվականի հունվարին նշանակվել էր հիմնական թիմի գլխավոր մարզիչ։ Նրա ղեկավարությամբ «ԱԶ»-ը նախորդ մրցաշրջանում դուրս էր եկել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ, որտեղ 1/8 եզրափակչում պարտվել էր մրցաշարի ապագա հաղթող «Տոտենհեմ»-ին, ինչպես նաև հասել էր Նիդերլանդների գավաթի եզրափակիչ՝ պարտվելով հետխաղային 11-մետրանոցներով։

Ինքը՝ Մարտենսը, շնորհակալություն է հայտնել ակումբին, խաղացողներին և երկրպագուներին՝ ընդգծելով, որ հպարտ է կատարած աշխատանքով և մաղթել է «ԱԶ»-ին հաջողություններ ու տիտղոսներ արդեն այս մրցաշրջանում։

Մրցաշրջանի ավարտը թիմը կանցկացնի 57-ամյա Լերոյ Էխտելդի գլխավորությամբ, ով նախկինում աշխատել է «Յոնգ ԱԶ»-ի հետ։ Նրա ղեկավարությամբ պահեստային կազմը 2023/24 մրցաշրջանում Eerste Divisie-ում սահմանել է հավաքած միավորների ռեկորդ՝ 56։ Էխտելդը նաև աշխատել է Նիդերլանդների երիտասարդական հավաքականի մարզչական շտաբում և եղել է օգնական մարզիչ «ԱԶ»-ում, «ՊՍԺ»-ում և «ՊԵԿ Զվոլլե»-ում։

Հիշեցնենք, որ «ԱԶ»-ը Կոնֆերենցիայի լիգայի 1/16 եզրափակչում կմրցի «Նոա»-ի հետ։ Առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին Երևանում, իսկ պատասխան խաղը՝ փետրվարի 26-ին Ալկմարում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։