Արտյոմ Ավանեսյան․ «Այսօր ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
26-ամյա «Նոա»-ի կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը հունվարին ստացած ծանր վնասվածքից հետո վերադարձավ դաշտ։
Ֆուտբոլիստը վնասվել էր ընկերական խաղում՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի դեմ, երբ թիմը պատրաստվում էր 2024/25 մրցաշրջանի վերսկսմանը։ Այդ վնասվածքը նրան զրկեց նախորդ առաջնության երկրորդ հատվածում և ընթացիկ 2025/26 մրցաշրջանի մեկնարկում հանդես գալու հնարավորությունից։
Սակայն սեպտեմբերի 24-ին Ավանեսյանը վերջապես նորից հայտնվեց դաշտում․ նա փոխարինման դուրս եկավ «Վանի» դեմ խաղում 69-րդ րոպեին, որտեղ «Նոա»-ն հաղթեց 2:1 հաշվով։
Խաղից հետո ֆուտբոլիստը չթաքցրեց զգացմունքները․
«Հավանաբար այսօր ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ։ Անսահման շնորհակալ եմ բոլորին՝ նախագահից մինչև այն վերջին մարդը, ով ներգրավված էր իմ վերականգնման գործընթացում։ Շնորհակալ եմ նաև Արմանին։ Իհարկե շնորհակալ եմ նաև ընտանիքիս՝ համբերությամբ դիմանալու համար։ Շատ երջանիկ եմ, որ 7,5 ամիս անց վերադարձա և թիմի հետ հաղթանակ տոնեցի», — ասաց Արտյոմ Ավանեսյանը։
Արտյոմը շատ ունիվերսալ ֆուտբոլիստ է․ նախորդ մրցաշրջանում նա հանդես է եկել տարբեր դիրքերում՝ վինգեր, կենտրոնական կիսապաշտպան, հարձակողական կիսապաշտպան և անգամ եզրային պաշտպան։ Բայց նրա հիմնական դիրքը հարձակողական կիսապաշտպանն է։ Նրա վերադարձը «Նոա»-ին կտա ավելի մեծ բազմազանություն և կազմի խորություն, ինչը հատկապես կարևոր է երկու ճակատով խաղալու պայմաններում։
Արդեն հոկտեմբերի 2-ին «Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրում կմրցի Խորվաթիայի «Ռիեկա»-ի հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0