Արսեն Ջուլֆալակյանը վերընտրվեց UWW-ի Մարզիկների հանձնաժողովի նախագահ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայտնի հայ ըմբիշը, Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը կրկին կգլխավորի Միավորված ըմբշամարտի համաշխարհային (UWW) Մարզիկների հանձնաժողովը։ Նա վերընտրվեց երկրորդ ժամկետով, որը կտևի 2025-ից մինչև 2029 թվականը։
Ընտրությունները կայացան Զագրեբում ընթացող աշխարհի առաջնության ընթացքում, որտեղ մարզիկները ընտրեցին հանձնաժողովի կազմը՝ 9 անդամներով։ Դրանց թվում էին ներկայացուցիչներ Ճապոնիայից, Հունգարիայից, Ղրղզստանից, Իրանից, Հունաստանից, Եգիպտոսից, Ավստրալիայից և Հարավաֆրիկյան Հանրապետությունից։ Ջուլֆալակյանը միակ թեկնածուն էր նախագահի պաշտոնի համար, ինչն ապահովեց նրա ավտոմատ վերընտրությունը։
Նոր ժամկետում նա շարունակելու է ներկայացնել ըմբիշների շահերը UWW-ի Բյուրոյում և Կոնգրեսում, ինչպես նաև ՄՕԿ-ի, ՎԱԴԱ-ի և այլ միջազգային կառույցների հարթակներում։
«Խորապես շնորհակալ եմ համայնքին վստահության համար և նորից ըմբիշների ձայնը համաշխարհային ասպարեզում ներկայացնելու հնարավորության համար։ Անելու եմ ամեն ինչ, որպեսզի մարզիկները զգան իրենց կարևորությունն ու ազդեցությունը մեր մարզաձևի զարգացման գործում», — նշեց Ջուլֆալակյանը։
Հատուկ շնորհակալության խոսքեր նա ուղղեց UWW-ի նախագահ Նենադ Լալովիչին, Բյուրոյի անդամներին և ազգային ֆեդերացիաներին՝ աջակցության համար։ Ջուլֆալակյանը նաև կոչ արեց մարզիկներին ավելի ակտիվ ներգրավվել հանձնաժողովի աշխատանքներում՝ ուժեղացնելու ըմբշամարտի շարժման ազդեցությունը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0