Հայաստանի գեղասահորդներին չեն թույլատրել մասնակցել Եվրոպայի առաջնությանը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի գեղասահորդներ Սեմյոն Դանիլյանցը, ինչպես նաև մարզական զույգ Կարինա Հակոբովա / Նիկիտա Ռախմանինը չեն մասնակցի 2026 թվականի գեղասահքի Եվրոպայի առաջնությանը, որը համարվում է մրցաշրջանի կարևորագույն մրցաշարերից մեկը։ Այս մասին հայտնել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան։
Պաշտոնական հայտարարության համաձայն՝ չնայած բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ժամանակին ներկայացվել էին, Մեծ Բրիտանիայի դեսպանատունը սահմանված ժամկետներում մարզիկներին մուտքի վիզաներ չի տրամադրել։ Արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը զրկվել է Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։
Ֆեդերացիայում ընդգծել են, որ ստեղծված իրավիճակը լուրջ հարված է հասցրել մարզիկների մրցաշրջանային պատրաստվածությանը, մրցակցային զարգացմանը և միջազգային վարկանիշային դիրքերին։ Մարզիկների բազմամյա աշխատանքը, պատրաստությունն ու նվիրումը չպետք է կախված լինեն վարչական ձգձգումներից։
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան հայտարարել է, որ ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը՝ ապագայում նման իրավիճակների կանխարգելման և իր մարզիկների իրավունքների պաշտպանության համար։ Ֆեդերացիան նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այս բարդ ժամանակահատվածում աջակցում են հավաքականին։
«Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ միջազգային ասպարեզում հայկական գեղասահքի արժանապատիվ ներկայացվածության համար», — ասվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ։
Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Շեֆիլդում (Անգլիա)՝ հունվարի 13-ից 18-ը։
Նշենք, որ մարզական զույգ Կարինա Հակոբովա / Նիկիտա Ռախմանինը ավելի վաղ նվաճել է օլիմպիական ուղեգիր և հանդես կգա 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում Միլանում և Կորտինայում, որոնք կանցկացվեն փետրվարի 6-ից 22-ը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
1