Հայազգի Ժան-Պոլ Լեբոսնոյանին UFC-ում նշեց տպավորիչ հաղթանակով դեբյուտ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Փետրվարի 22-ին UFC Houston մրցաշարում կիսամիջին քաշային կարգում խոստումնալից մարտիկ Ժան-Պոլ Լեբոսնոյանին (10-2, UFC 1-0) բաժանված դատական որոշմամբ հաղթեց Ֆիլ Ռոուին (11-7, UFC 4-5)՝ 29-28, 29-28, 28-29։
Լեբոսնոյանի դեբյուտը աշխարհի խոշորագույն ՄՄԱ կազմակերպությունում՝ Ultimate Fighting Championship-ում, իսկապես տպավորիչ էր։ Ժան-Պոլը վստահորեն հաղթեց առաջին երկու ռաունդներում՝ ցուցադրելով առավելություն արագության, ճշգրտության և հեռավորության վերահսկման մեջ։ Երրորդ ռաունդում նախաձեռնությունը մասամբ անցավ Ռոուին, սակայն մեկնարկային ռաունդներում ստեղծած առավելությունը բավարար եղավ Լեբոսնոյանի համար՝ ընդհանուր հաղթանակ գրանցելու համար։
Մենամարտը դիտարժան և դինամիկ էր․ մարտիկները պահպանում էին բարձր տեմպ և պարբերաբար փոխանակվում սուր հարձակումներով։ Չնայած այն հանգամանքին, որ դատավորներից մեկը նախապատվությունը տվել էր ամերիկացուն, Լեբոսնոյանի հաղթանակը համոզիչ և օրինաչափ էր։
Ժան-Պոլը հոր կողմից ունի հայկական, իսկ մոր կողմից՝ ռումինական արմատներ։ Նրա իրական ազգանունը հոր կողմից Բոսնոյան է։ Մարտիկի հայրը՝ Ներսես Բոսնոյանը, բրազիլական ջիու-ջիցուի մարզիչ է և ծնունդով Հայաստանից է։ 27-ամյա մարզիկը UFC է անցել Dana White's Contender Series շոուի միջոցով, որտեղ վաղաժամ հաղթանակ է տարել Ջեք Քոնգդոնի նկատմամբ և պայմանագիր ստորագրել կազմակերպության հետ։
UFC-ին միանալուց առաջ Լեբոսնոյանը հաջողությամբ հանդես էր գալիս Legacy Fighting Alliance լիգայում, որտեղ հավակնում էր չեմպիոնական գոտուն և համարվում էր դիվիզիոնի ամենախոստումնալից մարտիկներից մեկը։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0