Հայաստանը միացավ FIFA Arena գլոբալ ծրագրի մեկնարկային «հիմնական կազմին»
Հայաստանը դարձել է առաջին 11 երկրներից մեկը, որը միացել է FIFA Arena գլոբալ նախաձեռնությանը՝ հավակնոտ նախագծին, որի նպատակն է աշխարհում կառուցել առնվազն 1000 մինի դաշտ՝ երեխաների համար ֆուտբոլին հասանելիությունը ընդլայնելու նպատակով:
Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղի է ունեցել երկու նոր մինի դաշտերի հանդիսավոր բացումը։ Դրանք կառուցվել են FIFA Arena նախաձեռնության շրջանակում, որի նպատակն է զարգացնել ֆուտբոլային ենթակառուցվածքը սոցիալապես անբարենպաստ քաղաքային և գյուղական շրջաններում:

«Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ դուք առաջին 11 երկրների թվում եք, որոնք մեկնարկեցին այս նախագիծը։ Սա իսկապես կփոխի միլիոնավոր երեխաների կյանքը», — իր տեսաուղերձում նշել է FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն, որը ցուցադրվել է բացման արարողության ժամանակ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հույս է հայտնել, որ նոր դաշտերը կդառնան հայ ֆուտբոլի ապագա աստղերի ծննդավայրը․
«Հնարավոր է՝ հենց այս դաշտերից մեկն սկսի Հայաստանի ապագա ֆուտբոլիստների ուղին»։
Միջոցառմանը մասնակցել է նաև լեգենդար ֆուտբոլիստ և FIFA-ի դեսպան Քրիստիան Կարեմբյոն։ Նոր դաշտերը ծառայելու են Երևանի դպրոցականներին և պատանի մարզիկներին։
2019-ից 2021 թվականներին FIFA Forward ծրագրի աջակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն կառուցել է մինի դաշտեր երկրի 89 բնակավայրերում։ 2023 թվականին այս նախագիծը արժանացել է FIFA Forward Awards-ի գլխավոր մրցանակին՝ որպես ծրագրի լավագույն նախագիծ:
Բացի Հայաստանից, FIFA Arena ծրագրի մեկնարկային խմբում են նաև Ղրղզստանը, Թայլանդը, Վրաստանը, Ալժիրը, Ինդոնեզիան և Պարագվայը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0