Հայաստանը հաղթեց Վրաստանին և նվաճեց Unibank Cup ֆուտզալի մրցաշարի գավաթը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հաջողությամբ ավարտեց Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլը՝ դառնալով Երևանում անցկացված միջազգային Unibank Cup մրցաշարի հաղթող։ Դեկտեմբերի 24-ին մրցաշարի եզրափակիչ խաղում դաշտի տերերը 3:1 հաշվով հաղթեցին Վրաստանի հավաքականին։
Առաջին խաղակեսը անցավ լարված պայքարում և ավարտվեց առանց խփված գոլերի՝ 0:0։ Ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականը զգալիորեն ավելացրեց խաղի արագությունն ու ագրեսիվությունը, ինչը տվեց իր արդյունքը։ Հայաստանի հավաքականի կազմում գոլերի հեղինակ դարձան Արսեն Պետրոսովը և Նիկիտա Խրոմիխը, իսկ երրորդ գոլը խփվեց դատարկ դարպասին հանդիպման վերջնամասում, երբ վրացական թիմը ռիսկի դիմեց՝ դարպասապահին փոխարինելով հինգերորդ դաշտային խաղացողով։
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը (3-րդ տուր, Վրաստանի դեմ)
#16 Ալբերտ Աղաջանով (դարպասապահ)
#17 Արսեն Պետրոսով
#7 Վլադիմիր Սանոսյան (ավագ)
#5 Դենիս Նևեդրով
#23 Նիկիտա Խրոմիխ
Պահեստայիններ
Էմին Գարաբեկյանց (Դ), Արսենի Պետրոսյան, Արթուր Մելքոնյան, Միքայել Գանդիլյան, Աղասի Եղիազարյան, Գարեգին Մաշումյան, Համլետ Մանուկյան, Արթուր Պատատյան, Միգրան Դերմենջյան, Սարգիս Մարգարյան, Պուտրուս Վասիլև, Սուրեն Ղազարյան (Դ)
Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան
Ավելի վաղ մրցաշարում Հայաստանի հավաքականը հաղթել էր Մոլդովային (2:1) և Ղրղզստանին (5:1)՝ ավարտելով մրցաշարը 100% արդյունքով։ Մրցաշարի ավարտից հետո Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հանձնեց Unibank Cup-ի գավաթը հաղթողներին։
Խաղային օրվա մյուս հանդիպմանը Ղրղզստանի հավաքականը 4:2 հաշվով հաղթեց Մոլդովիային։
Unibank Cup-ի վերջնական աղյուսակ
Հայաստան — 9 միավոր
Վրաստան — 6
Ղրղզստան — 3
Մոլդովիա — 0
Հիշեցնենք, որ ֆուտզալի Եվրոպայի 2026 թվականի առաջնությունը կկայանա հունվարի 21-ից փետրվարի 7-ը՝ Լիտվայում, Լատվիայում և Սլովենիայում։ Հայաստանի և Վրաստանի հավաքականները կմասնակցեն ԵՎՐՈ-ի եզրափակիչ փուլին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
1