Հայաստանը նպատակ ունի տեղ գտնել հնգյակում՝ տնային U16 Եվրոպայի առաջնությունում վոլեյբոլի
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ հուլիսի 23-ին, Երևանում մեկնարկում է վոլեյբոլի մինչև 16 տարեկան պատանիների Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարը կտևի մինչև օգոստոսի 3-ը և կանցկացվի երկու վայրերում՝ «Գազպրոմ-Հայաստան» մարզահամալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում։ Պատմության մեջ առաջին անգամ է, որ Հայաստանը նման բարձր մակարդակի վոլեյբոլային մրցաշար է հյուրընկալում։
Հայաստանի հավաքականը, որպես հյուրընկալող երկիր, հանդես կգա A խմբում՝ միասին Լեհաստանի, Սլովենիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Լատվիայի, Ռումինիայի և Հունաստանի թիմերի հետ։ Առաջին խաղը մեր վոլեյբոլիստները կանցկացնեն արդեն այսօր՝ Հունաստանի հավաքականի դեմ։
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը խոսել է թիմի նպատակների մասին.
«Մենք ունենք թիմ, որը պատրաստ է մեծ պայքարի։ Մենք սպասելիքներ ունենք։ Նպատակն է զբաղեցնել 5-րդ տեղը, քանի որ դա մեզ հնարավորություն կտա մասնակցել մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը 2026 թվականին։ Հայաստանի հավաքականը ձևավորվել է այս տարվա հունվարին։ Մեզ մոտ աշխատում է բարձրակարգ մարզիչ Ռուսաստանից, ով շատ կարճ ժամանակում թիմը դարձրել է մրցունակ։ Եվրոպայի առաջնությանն ենք նախապատրաստվել մի քանի փուլով՝ հավաքներ, ընկերական հանդիպումներ։ Հավատում ենք, որ տղաները կարող են հասնել ցանկալի արդյունքի»։
Հայաստանն արդեն ունի միջազգային վոլեյբոլային մրցաշարերի կազմակերպման փորձ, սակայն U16 Եվրոպայի առաջնությունը նոր մակարդակ է թե՛ կազմակերպիչների, և թե՛ հավաքականի համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0