Հայաստան – Վրաստան. Անձնական մրցակցություններ և առանցքային հանդիպումներ «Կովկասյան դերբիից» առաջ
Photo by Levan Verdzeuli/Getty Images
2025 թվականի մարտի 20-ին Երևանը կհյուրընկալի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև, իսկ պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին Թբիլիսիում։ Այս դիմակայությունը շարունակությունն է հինավուրց ֆուտբոլային հակամարտության, որը սկիզբ է առել խորհրդային ժամանակներում, երբ «Արարատի» և «Դինամո» (Թբիլիսի) հանդիպումները լեփ-լեցուն ստադիոններում ընթացող լարված պայքար էին։ Այդ ժամանակ էլ ծնվեց այսպես կոչված «Կովկասյան դերբին», որը մինչ օրս մնում է երկու հարևան երկրների սպորտային մրցակցության խորհրդանիշը։
Հայաստանի և Վրաստանի հավաքականների պատմական հանդիպումները
Հայաստանի և Վրաստանի հավաքականներն արդեն բազմիցս հանդիպել են, և յուրաքանչյուր հանդիպում իր հետքն է թողել ֆուտբոլային պատմության մեջ.
-
Վրաստան – Հայաստան 7:0 (1997, Բարեկամական)
-
Հայաստան – Վրաստան 1:2 (2000, Բարեկամական մրցաշար Կիպրոսում)
-
Հայաստան – Վրաստան 0:0 (2000, Բարեկամական)
-
Հայաստան – Վրաստան 2:0 (2004, Բարեկամական մրցաշար Կիպրոսում)
-
Հայաստան – Վրաստան 1:2 (2011, Բարեկամական)
-
Հայաստան – Վրաստան 2:2 (2020, Ազգերի լիգա)
-
Վրաստան – Հայաստան 1:2 (2020, Ազգերի լիգա)
Վերջին հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականի կազմում գոլեր էին խփել Սարգիս Ադամյանը և Գևորգ Ղազարյանը (երկուսն էլ ավարտել են միջազգային կարիերան), իսկ Վրաստանի միակ գոլի հեղինակ էր դարձել Վալերի Ղազաիշվիլին, որը նույնպես այլևս չի խաղում ազգային հավաքականում։ Ընդհանուր հաշվով Վրաստանն ունի 3 հաղթանակ, Հայաստանը 2, իսկ 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։
Հայաստանի հավաքականի ներկայիս կազմից այդ խաղերում արդեն մասնակցած ֆուտբոլիստներն են՝ Տիգրան Բարսեղյան, Սոլոմոն Ուդո, Վահան Բիչախչյան, Վարազդատ Հարոյան, Կամո Հովհաննիսյան, Արսեն Բեգլարյան և Հովհաննես Համբարձումյան։
Իսկ Հենրիխ Մխիթարյանը և Սարգիս Ադամյանը, ովքեր գոլեր էին խփել Վրաստանի հավաքականին, այլևս հավաքականում չեն։
Վրաստանի հավաքականից 2020 թվականի խաղերից ներկայումս շարունակում են հանդես գալ Գիորգի Լորիան, Լաշա Դվալին, Նիկա Կվեկվեսկիրին, Լևան Շենգելիան, Զուրիկո Դավիթաշվիլին, Գուրամ Կաշիան և Օթար Կակաբաձեն։
Մարզիչների և ֆուտբոլիստների մրցակցությունը
Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում երկու գլխավոր մարզիչների՝ Հայաստանի Ջոն վան՛տ Սխիպի և Վրաստանի Վիլլի Սանյոլի դիմակայությունը։ Նրանց հանդիպումները սկսվել են դեռ 2021 թվականին, երբ վան՛տ Սխիպը գլխավորում էր Հունաստանի հավաքականը։ Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հունաստանը երկու անգամ հանդիպեց Սանյոլի թիմին․ առաջին խաղում վան՛տ Սխիպի թիմը հաղթեց 2:0, իսկ երկրորդ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի։
Հետաքրքիր է նաև Ժորժես Միկաուտաձեի պատմությունը։ 2024 թվականին նա տեղափոխվեց Այաքս, որտեղ գլխավոր մարզիչն էր վան՛տ Սխիպը։ Սակայն երիտասարդ ֆուտբոլիստը շատ քիչ խաղաժամանակ ստացավ, ընդամենը 7 խաղ, և ոչ մի գոլ չխփեց։ Հետագայում Միկաուտաձեն տեղափոխվեց Լիոն, որտեղ մեծ հաջողություններ ունեցավ։ Նրա անձնական հաշիվները վան՛տ Սխիպի հետ կարող են լրացուցիչ մոտիվացիա լինել գալիք հանդիպումների համար։
Ակումբային մակարդակի խաչմերուկներ
Հայ և վրացի ֆուտբոլիստների ուղիները հաճախ են հատվել ակումբային մակարդակում՝ ստեղծելով այս մրցակցության ևս մեկ հետաքրքիր շերտ։
-
Վահան Բիչախչյան և Լուկա Լոչոշվիլի – Երկուսն էլ իրենց եվրոպական կարիերան սկսել են Ժիլինայում։ Բիչախչյանը «Շիրակից» միացավ 2017-ին, իսկ Լոչոշվիլին «Դինամո» Թբիլիսիից՝ 2018-ին։ Սակայն, ի տարբերություն Բիչախչյանի, Լոչոշվիլին չկարողացավ հաստատվել թիմում և վերադարձավ Վրաստան։ Այսօր նա խաղում է Սալերնիտանայում (Serie B), մինչդեռ Բիչախչյանը հանդես է գալիս Լեգիա Վարշավայում։
-
Տիգրան Բարսեղյան և Գուրամ Կաշիա – Երկուսն էլ երկար տարիներ խաղում են Սլովան Բրատիսլավայում։ Սակայն Կաշիան որակազրկման պատճառով բաց կթողնի երևանյան հանդիպումը, բայց կկարողանա խաղալ Թբիլիսիում։
-
Էդգար Սևիկյան և Գիորգի Կոչորաշվիլի – Երկուսն էլ կարիերան սկսել են Լևանտեի ակադեմիայում։ Սևիկյանը հետագայում տեղափոխվեց Լոկոմոտիվ Մոսկվա, իսկ Կոչորաշվիլին մնաց «Լևանտեում», դառնալով թիմի առանցքային խաղացողներից մեկը։
Բացի այդ, Ռումինիայի առաջնությունում հայ և վրացի ֆուտբոլիստները նույնպես հանդիպել են․ Անզոր Մեկվաբիշվիլին (Ունիվերսիտատեա Կրայովա) վերջերս մրցել է Արթուր Միրանյանի (Ունիվերսիտատեա Կլուժ) դեմ և խփել իր առաջին գոլը՝ օգնելով թիմին հաղթել 3:0 հաշվով։
Ակումբային դիմակայություններ՝ առանցքային դրվագներ
Հայ և վրացի ֆուտբոլիստները նաև եվրագավաթներում են հանդիպել․
-
Վահան Բիչախչյանը խփել է վճռորոշ գոլ Դիլա Գորիի դարպասին Եվրոպայի լիգայում, ինչը թույլ տվեց «Շիրակին» դուրս գալ հաջորդ փուլ։
-
Օթար Կիտեիշվիլին «Դինամո» Թբիլիսիի կազմում գոլ է խփել Ալաշկերտի դարպասին, օգնելով իր թիմին հաղթել 2:0 և արտագնա խաղում ոչ-ոքի խաղալ 1:1։
Սպասվող Հայաստան – Վրաստան հանդիպումը միայն ֆուտբոլային խաղ չէ, այլ պատմության, անձնական մրցակցության և ակումբային խաչմերուկների միաձուլում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0