Հայաստանը ապահովեց ՈւԵՖԱ-ի աղյուսակի 33-րդ տեղը և կստանա Եվրոպայի լիգայի ուղեգիր
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայկական ակումբների համար եվրագավաթային մրցաշրջանի ավարտից հետո պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանը կպահպանի ՈւԵՖԱ-ի գործակիցների աղյուսակի 33-րդ տեղը։ Սա պատմական արդյունք է, որը կապահովի երկրի մասնակցությունը Եվրոպայի լիգային 2027/28 մրցաշրջանում։
33-րդ տեղի համար պայքարում Հայաստանի մրցակիցները՝ Կոսովոյի, Ֆինլանդիայի և Բոսնիա և Հերցեգովինայի ակումբները, ավարտել են իրենց ելույթները, ինչի շնորհիվ Հայաստանը վերջնականապես ամրապնդվեց ընթացիկ հնգամյա շրջանի արդյունքներով 33-րդ հորիզոնականում։

Միաժամանակ, 2026/27 մրցաշրջանը Հայաստանը կսկսի արդեն 32-րդ տեղից։ Դա պայմանավորված է ՈւԵՖԱ-ի գործակիցների հաշվարկման համակարգով, որտեղ հաշվի են առնվում վերջին հինգ մրցաշրջանների արդյունքները։ Հաշվարկից դուրս կգա 2020/21 մրցաշրջանը՝ հայկական ակումբների համար ամենաքիչ հաջողվածներից մեկը։ Աղյուսակում կմնան հետևյալ ցուցանիշները․
-
2021/22 — 7,5 միավոր (ակումբների միջև բաժանելուց հետո՝ 1,875)
-
2022/23 — 9,5
-
2023/24 — 9
-
2024/25 — 17,5
-
2025/26 — 16,75
Այսպիսով, թարմացված հնգամյա ընդհանուր միավորը թույլ կտա Հայաստանին բարձրանալ 32-րդ հորիզոնական՝ առաջ անցնելով Մոլդովայից և Ռուսաստանից, սակայն դեռ զիջելով Իսլանդիային։
2025/26 մրցաշրջանում հայկական ակումբները վաստակել են 16,75 միավոր։ Սա փոքր-ինչ պակաս է նախորդ տարվա ցուցանիշից (17,5), սակայն զգալիորեն ավելի բարձր է, քան 2023/24 մրցաշրջանի արդյունքը (9)։ Վերջին տարիներին նկատվում է կայուն առաջընթաց։
Հիմնական ներդրումն ապահովել է «Նոան»՝ վաստակելով 13,25 միավոր։
«Փյունիկը» ավելացրել է 2 միավոր,
«Արարատ-Արմենիան»՝ 1,5,
«Ուրարտուն»՝ 0։
Հիշեցնենք, որ «Նոան» հասել էր Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ, որտեղ 1/16 եզրափակչում երկու խաղերի արդյունքում պարտվել էր «ԱԶ»-ին։ Առաջին խաղում տարած հաղթանակը Հայաստանին բերեց վճռորոշ միավորները, որոնք ապահովեցին 33-րդ տեղը և թույլ տվեցին առաջ անցնել Մոլդովայից։
Ձեռք բերված արդյունքի շնորհիվ փոխվում է նաև հայկական ակումբների եվրագավաթային սխեման։ 2027/28 մրցաշրջանում Հայաստանի գավաթակիրն իր ելույթները կսկսի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլից, այլ ոչ թե Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլից։ Սա լուրջ առավելություն է․ նույնիսկ Եվրոպայի լիգայից դուրս մնալու դեպքում թիմը հնարավորություն կունենա շարունակելու ելույթները Կոնֆերենցիաների լիգայում։
Եթե նույն ակումբը դառնա և՛ չեմպիոն, և՛ գավաթակիր, ապա Եվրոպայի լիգայի ուղեգիրը կփոխանցվի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոնին։
Կարևոր է նշել, որ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2027/28 մրցաշրջանից։ 2026/27 մրցաշրջանում ամեն ինչ կմնա անփոփոխ․ Հայաստանի չեմպիոնը կմասնակցի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին, գավաթակիրը՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլին, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը կմեկնարկեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլից։
Հայկական ակումբային ֆուտբոլը վստահ քայլ է կատարում առաջ։ Այժմ հիմնական նպատակը ոչ միայն ներկայիս դիրքերի պահպանումն է, այլև ՈւԵՖԱ-ի վարկանիշում մոտ 30-րդ հորիզոնականում կայունանալը և Եվրոպայի լիգայում ներկայացվածությունը դարձնելը շարունակական։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0