Արմեն Հովհաննիսյանը կարող է վերադառնալ Մոլդովայի առաջնություն. հարձակվողը նկատվել է «Պետրոկուբի» մարզմանը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ալաշկերտի» հարձակվող Արմեն Հովհաննիսյանը նկատվել է մոլդովական «Պետրոկուբ» ակումբի մարզաբազայում։ Թեպետ տեղափոխությունը դեռ պաշտոնապես չի հայտարարվել, սակայն 25-ամյա ֆուտբոլիստի ներկայությունը թիմի մարզմանը ուժեղացնում է իր վերադարձի մասին շրջանառվող խոսակցությունները։
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը նախկինում արդեն խաղացել է Մոլդովայում՝ ներկայացնելով «Զիմբրու» ակումբը, որի կազմում 8 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։ Հնարավոր այս տրանսֆերը կարող է ուժեղացնել «Պետրոկուբը»՝ եվրոպական մրցաշարերին ընդառաջ։ Հինչեշտի թիմը մասնակցելու է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին, որտեղ առաջին փուլում մրցելու է մալթական «Բիրքիրկարայի» հետ։
Նշենք, որ Մոլդովայի Սուպերլիգայի նոր մրցաշրջանը արդեն մեկնարկել է։ Հունիսի 22-ին «Պետրոկուբը» հանդիպում կանցկացնի «Բելցիի» դեմ։

Արմեն Հովհաննիսյանը բարձրահասակ կենտրոնական հարձակվող է (189 սմ), ով կարող է խաղալ նաև հարձակման եզրերում։ Երևանի «Փյունիկի» սանն իր կարիերայի ընթացքում ներկայացրել է հայկական «Արարատ-Արմենիա», «Գանձասար», «Ալաշկերտ», սլովակյան «Միխալովցե» և «Նիտրա», հունական «Էպիսկոպի», ինչպես նաև մալթական «Հիբերնիանս», «Պիետա» և «Մոստա» ակումբները։
Transfermarkt կայքի տվյալներով՝ խաղացողի գնահատված արժեքը կազմում է 125 հազար եվրո։ Ակումբային մակարդակում նա մասնակցել է 151 խաղի, խփել 35 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Հայաստանի պատանեկան հավաքականների կազմում անցկացրել է 51 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0