Արմեն Մելիքբեկյան․ «Ես մարզադաշտում էի, երբ Հայաստանը խփեց իր առաջին պաշտոնական գոլը»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Արմեն Մելիքբեկյանը մեծ հարցազրույց է տվել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին՝ պատմելով իր ֆուտբոլային ճանապարհի, հայկական ֆուտբոլի զարգացման, ազգային հավաքականների և հայկական սպորտի ապագայի մասին։
2019 թվականից ՀՖՖ-ն գլխավորող Մելիքբեկյանը այս տարի դարձավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը, որը ընտրվել է ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտե։ Զրույցում նա պատմել է իր տպավորությունների, ինչպես նաև ներկայացրել է ֆեդերացիայի աշխատանքի հիմնական ուղղությունները։
«Ես այնտեղ էի, երբ մենք խփեցինք մեր առաջին գոլը»
«Մանկուց սիրել եմ ֆուտբոլը, — հիշում է Մելիքբեկյանը։ — Խաղացել եմ պատանեկան թիմերում, իսկ հետո հաճախ եղել եմ գնդակ մատակարարող։ Ներկա եմ եղել Հայաստանի ազգային հավաքականի առաջին խաղերին 1992 թվականին և հպարտ եմ, որ դաշտում էի, երբ խփեցինք մեր առաջին պաշտոնական գոլը՝ ԵՎՐՈ-96-ի ընտրական փուլում։ Այդ դրվագի կրկնությունը դիտելիս կարելի է ինձ տեսնել դարպասների հետևում»։
Ֆուտբոլում իր առաջին քայլերը Մելիքբեկյանը կատարել է որպես սպորտային լրագրող։ 2005-ին նա միացավ ՀՖՖ-ին, իսկ 2018-ին վերադարձից հետո ընտրվեց կազմակերպության նախագահ։
Հայաստանի առաջին ներկայացուցչությունը ՈւԵՖԱ-ի գործկոմում
«Սա մեծ ձեռքբերում է ոչ միայն ինձ համար, այլև ամբողջ հայկական ֆուտբոլային ընտանիքի, — նշեց Մելիքբեկյանը։ — Առաջին անգամ պատմության մեջ Հայաստանը ներկայացված է ՈւԵՖԱ-ի գործկոմում։ Սա մեր աշխատանքի գնահատականն է և ապացույց, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»։
Ազգային հավաքականի մասին․ «Կարևոր է խաղի որակը»
ՀՖՖ նախագահը ընդգծել է, որ միշտ փորձում է լինել հավաքականի կողքին միջազգային հանդիպումների ընթացքում։
«Յուրաքանչյուր անգամ, երբ ուղեկցում եմ ազգային թիմին, զգում եմ նույն էներգիան և ադրենալինը, ինչպես նախկինում։ Փոքր ֆեդերացիայի համար սա մշտական աշխատանք է և պատասխանատվություն․ երկրպագուների սպասումները մեծ են, բոլորը ցանկանում են հաղթանակ»։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր է ոչ միայն արդյունքը, այլև ժամանակակից, որակյալ ֆուտբոլ խաղալը։
«Արդյունքը, իհարկե, շատ կարևոր է, բայց փոքր հավաքականների համար առաջնայինը խաղի որակն է։ Այժմ գոհ եմ՝ ունենք նոր գլխավոր մարզիչ, ձևավորում ենք նոր թիմ, և ցուցադրած ֆուտբոլը բարձր մակարդակի է»։
Ակումբային ֆուտբոլի և ենթակառուցվածքների զարգացում
Մելիքբեկյանը նշել է «Նոա» ակումբի հաջողությունների կարևորությունը, որը երկրորդ տարին անընդմեջ հասել է ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ։
«Ինձ դուր է գալիս “Նոա”-ի նախագիծը։ Վարդգես Վարդանյանը ներդրումներ է անում ոչ միայն թիմում, այլև Վաղարշապատում կառուցվող ենթակառուցվածքներում։ Սա մեծ ներդրում է հայկական ֆուտբոլի զարգացման և երիտասարդների դաստիարակման գործում»։
Նա հավելել է, որ հայկական Պրեմիեր լիգան դառնում է ավելի մրցակցային, իսկ «Նոա»-ի և «Փյունիկ»-ի հաջողությունները նպաստում են Հայաստանի դիրքերի բարձրացմանը ՈւԵՖԱ-ի վարկանիշում։
Ազգերի լիգան՝ հնարավորություն փոքր հավաքականների համար
«Ազգերի լիգան մեզ համար շատ կարևոր փորձ էր։ 2020-ին մենք հաղթեցինք C լիգայում և բարձրացանք B լիգա, որտեղ խաղացինք Շոտլանդիայի, Իռլանդիայի և Ուկրաինայի հետ։ Դա հրաշալի փորձ էր և զարգացման խթան»։
Նա նաև նշեց Սան Մարինոյի օրինակը՝ ընդգծելով, որ Լիգան «հիասքանչ մրցաշար է փոքր երկրների համար»։
Գործակցություն Վրաստանի հետ
Մելիքբեկյանը պատմել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ սերտ կապերի մասին․
«ՈւԵՖԱ-ի գործկոմում իմ գործընկեր Լևան Կոբիաշվիլին և իր թիմը հիանալի օրինակ են՝ ինչպես կարելի է ճիշտ ներդրումներ անել և կառուցել ուժեղ համակարգ։ Վրաստանի՝ ԵՎՐՈ-2024-ի մասնակցությունը ոգեշնչում է մեզ և նման փոքր ֆեդերացիաներին»։
HatTrick ծրագիրը և նոր մարզադաշտեր
Որպես ՈւԵՖԱ-ի HatTrick ծրագրի կոմիտեի փոխնախագահ՝ նա ընդգծել է ծրագրի նշանակությունը Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում։
«HatTrick-ի շնորհիվ կառուցեցինք երեք մարզադաշտ, որից հետո կառավարությունը ներդրեց ևս չորս ակադեմիա։ Այժմ սկսվել է Վանաձորի մարզադաշտի ընդլայնման նախագիծը՝ մինչև 12 հազար տեղ։ Սա հնարավորություն կտա հավաքականին երկար տարիներից հետո խաղալ Երևանի սահմաններից դուրս»։
Կանանց ֆուտբոլի զարգացում և GOALS ակումբի օրինակ
«2020-ին վերականգնեցինք կանանց հավաքականը ութ տարվա դադարից հետո։ Թիմը շատ երիտասարդ է՝ խաղացողները ծնված են 2006–2008 թվականներին, բայց նրանք արդեն ցուցադրում են պայքարող բնավորություն։ Կանանց ֆուտբոլը մեր առաջնահերթություններից մեկն է»։
Նա հիշեցրել է նաև, որ GOALS ակումբը ՈւԵՖԱ-ի մրցանակ է ստացել grassroots ֆուտբոլի զարգացման համար․
«Սա ճանաչում է ոչ միայն ակումբի, այլև ողջ երկրի համար։ Նման պատմությունները ոգեշնչում են և ցույց տալիս, որ հավատով և նվիրվածությամբ կարելի է հասնել մեծ արդյունքների»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0