Արման Ծառուկյանը հաջորդ մենամարտը կանցկացնի հայազգի մրցակցի դեմ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը (23–3) իր հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 8-ին՝ Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում կայանալիք HYPE FC մրցաշարում։ Նրա մրցակիցը կլինի Դիլոն Դենիսը։
Մարտիկները կպայքարեն լիգայի չեմպիոնական գոտու համար, որը Ծառուկյանը նախկինում նվաճել էր՝ հաղթելով Մուհամմեդ Մոկաևին Hype FC մրցաշարում Ռիո դե Ժանեյրոյում։
Մենամարտը կանցկացվի գրեփլինգի կանոններով՝ submission only ձևաչափով, այսինքն՝ հաղթանակը հնարավոր կլինի միայն մրցակցին ստիպելով հանձնվել։
Մինչ այդ երկու մարզիկներն էլ հանդես են եկել մարտի 29-ին Ֆլորիդայում կայացած RAF 07 ազատ ըմբշամարտի մրցաշարում։ Այնտեղ Ծառուկյանը հաղթել է Ջորջիո Պուլլասին, իսկ Դենիսը պարտվել է Քոլբի Քովինգտոնին։
Դիլոն Դենիսը բազային ջիու-ջիցուիստ է, ունի բարձր մակարդակի գրեփլինգային հմտություններ։ Միևնույն ժամանակ նա հանդես է գալիս ավելի ծանր քաշային կարգում՝ սովորաբար միջին քաշում, ինչը նրան տալիս է չափսերի առավելություն Ծառուկյանի նկատմամբ։
Հետաքրքիր է, որ Դենիսը հոր կողմից ունի հայկական արմատներ, իսկ մայրը ծնունդով Հոնդուրասից է։ Նա ծնվել և մեծացել է Նյու Ջերսիում և երկու անգամ դարձել է ԱՄՆ-ի բրազիլական ջիու-ջիցուի չեմպիոն։ Դենիսը հայտնի է նաև իր ընկերությամբ Քոնոր Մաքգրեգորի հետ․ RAF 07 մրցաշարից առաջ իռլանդացի աստղը աջակցել էր նրան՝ հրապարակելով լուսանկար հայկական դրոշով և գրելով․ «Նյու Յորքի հայկական տանկը»։
Ծառուկյանի և Դենիսի մենամարտը կդառնա HYPE FC մրցաշարի գլխավոր իրադարձությունը Սան Պաուլուում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0