Արման Անդրեասյանը դուրս եկավ Եվրոպայի 2025 թվականի առաջնության կիսաեզրափակիչ
UWW
Այսօր՝ ապրիլի 7-ին, Բրատիսլավայում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնությունը։ Հայաստանի հավաքականի կազմում մրցմանը մասնակցեցին հինգ ըմբիշներ, սակայն նրանցից միայն մեկը կարողացավ հասնել կիսաեզրափակիչ՝ Արման Անդրեասյանը։
Եվրոպայի գործող չեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) մրցաշարը սկսեց վստահ հաղթանակով՝ 10:0 հաշվով գերազանցելով լեհ Մատեուշ Լուշինսկիին, իսկ քառորդ եզրափակչում 4:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Ալեքսեյ Բորուտային։
Կիսաեզրափակչում Անդրեասյանը հանդիպելու է վրացի Ակակի Կեմերտելիձեի հետ։ Նրանք արդեն երկու անգամ հանդիպել են, այդ թվում՝ անցած տարվա Եվրոպայի առաջնության եզրափակչում։ Երկու դեպքում էլ հայ ըմբիշը հաղթել է, սակայն գոտեմարտերն ընդգծված լարված և հավասար են եղել։
Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչների արդյունքները՝
Մանվել Խնձրցյանը (57 կգ) առաջին գոտեմարտում պարտվեց քաշային կարգի գլխավոր ֆավորիտին՝ Ռուսաստանի թուվինյան ծագում ունեցող Նաչին Մոնգուշին։ Պայքարը հավասար ընթացավ, սակայն Մոնգուշը հաղթեց՝ 4:1։
Վազգեն Թևանյանը (65 կգ) սկսեց հաղթանակով՝ 3:0 հաշվով պարտության մատնելով Բելառուսի ներկայացուցիչ Իսլամ Հուսեյնովին, սակայն քառորդ եզրափակչում 2:3 հաշվով պարտվեց ռուս ըմբիշ Իբրահիմ Իբրահիմովին։
Հայկ Պապիկյանը (79 կգ) առաջին գոտեմարտում ժամկետից շուտ պարտվեց ուկրաինացի Վասիլի Միխայլովին՝ 0:10 հաշվով, իսկ Գուրգեն Սիմոնյանը (97 կգ) նույն հաշվով պարտվեց ռուս Մագոմեդ Կուրբանովին։
Չնայած պարտություններին՝ Մանվել Խնձրցյանը, Վազգեն Թևանյանը և Գուրգեն Սիմոնյանը դեռևս հնարավորություն ունեն մտնելու սփոփիչ փուլ և պայքարելու բրոնզե մեդալների համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0