Անի Հովսեփյանը տեղափոխվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտ․ նորամուտը՝ հոկտեմբերին Երևանում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ամենատիտղոսակիր բռնցքամարտիկուհիներից մեկը՝ Եվրոպայի չեմպիոն և բազմակի մեդալակիր Անի Հովսեփյանը, հայտարարեց պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու մասին։ Նա պայմանագիր է ստորագրել եվրոպական Grand Boxing Management պրոմոութերական ընկերության հետ, որի ներկայացուցիչն է մենեջեր Խաչիկ Խաչատուրյանը։
«Ստացա առաջարկ, որը արժանի համարեցի։ Հուսով եմ, այն կօգնի ինձ դուրս գալ նոր մակարդակի և հնարավորություն կտա մասնակցել ավելի լուրջ մենամարտերի։ Պայմանագիրն ունի եվրոպական ընդգրկում, և ես վճռական եմ այս հնարավորությունն օգտագործելու համար», – ասել է Հովսեփյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում։
Մարզուհու խոսքով՝ տեղափոխության պատճառներից է սիրողական բռնցքամարտի սահմանափակ մրցաշարային օրացույցը, ինչպես նաև՝ ավելի հավակնոտ նպատակներ իրականացնելու ձգտումը։ Միևնույն ժամանակ, Անի Հովսեփյանը չի բացառել ապագայում մասնակցություն նաև խոշոր սիրողական մրցաշարերին։
«Սա չի նշանակում, թե ես ամբողջությամբ հրաժարվում եմ սիրողական բռնցքամարտից։ Հնարավոր է, որ հետագայում մասնակցեմ աշխարհի և Եվրոպայի առաջնություններին։ Բայց հիմա ճիշտ եմ համարում անել քայլ դեպի պրոֆեսիոնալ ռինգ», – նշել է նա։
Անի Հովսեփյանը շեշտել է, որ պրոֆեսիոնալ դառնալով՝ շարունակելու է հանդես գալ Հայաստանի անունից և ամեն ինչ անելու է՝ բարձրացնելու հայրենի երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում։
Անի Հովսեփյանի պրոֆեսիոնալ նորամուտը նախատեսված է հոկտեմբերին՝ Երևանում։ Մենամարտի ճշգրիտ օրը և մրցակցուհու անունը կհրապարակվեն ավելի ուշ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0