Ալեքս Մարգարյանը դուրս եկավ Մ20 Աշխարհի առաջնության եզրափակիչ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ալեքս Մարգարյանը (63 կգ) դարձավ Հայաստանի հավաքականի երրորդ եզրափակիչ անցած ըմբիշը 2025թ․ երիտասարդական աշխարհի առաջնությունում՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտում։ Բուլղարիայում ընթացող մրցաշարում 18-ամյա հայ ըմբիշը հանդես է գալիս անթերի։
Մարգարյանը ցուցադրեց վառ և վստահ պայքար՝ հասնելով եզրափակիչ։ Սկզբում նա երկու հաղթանակ տարավ Չինաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների նկատմամբ, ապա քառորդ եզրափակիչում 9:5 հաշվով առավելության հասավ իրանցի Մոհամմադ Աբուտալեբիի նկատմամբ։ Կիսաեզրափակչում Ալեքսը մրցեց տանտերեր Կրիստիան Միլենկովի հետ և ընդամենը 48 վայրկյանում հաղթեց 8:0 հաշվով։
Եզրափակիչում Ալեքս Մարգարյանի մրցակիցը կլինի Այտժան Խալմախանովը (Ուզբեկստան)՝ մեծահասակների Ասիայի գործող չեմպիոնը և մինչև 17 տարեկանների աշխարհի 2022թ․ չեմպիոնը։ Նա աշխարհի վարկանիշում 63 կգ քաշային կարգում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը, որտեղ առաջատարը Կարեն Ասլանյանն է։ Ուզբեկստանի հավաքականում Խալմախանովն արդեն հասցրել է մասնակցել երկու վարկանիշային մրցաշարի։ Բուլղարիայում նա ժամանակից շուտ հաղթեց Ճապոնիայի և Ղազախստանի ըմբիշներին, ինչպես նաև առավելության հասավ Եվրոպայի Մ20 չեմպիոն Իգոր Պունչենկոյի նկատմամբ։
Մյուս հայ ըմբիշը՝ Էրիկ Տեր-Մաթևոսյանը (87 կգ), վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար մխիթարական գոտեմարտերով, քանի որ նրա մրցակից Լուկա Կոչալիձեն դուրս եկավ եզրափակիչ։ Հայ ըմբիշի մրցակիցները կլինեն Սերբիայի, Ուկրաինայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները։
Իսկ Սամվել Տերտերյանը (77 կգ) դուրս մնաց մեդալների համար պայքարից։
Հիշեցնենք, որ այսօր եզրափակչում հանդես կգա նաև Գասպար Տերտերյանը (72 կգ)՝ Սամվելի եղբայրը։
Տեղեկացնում ենք, որ մրցաշարի ուղիղ հեռարձակումը հասանելի է մեր Sportaran Telegram ալիքում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0