Աբդուլռաշիդ Սադուլաևը չի մասնակցի Բրատիսլավայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը՝ նրան մերժել են վիզա տրամադրել
Աշխարհի ամենատիտղոսակիր ըմբիշներից մեկը՝ Աբդուլռաշիդ Սադուլաևը, չի կարողանա մասնակցել 2025 թվականին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվելիք ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին «Մատչ ՏՎ»-ին տված մեկնաբանության մեջ հայտնել է Ռուսաստանի մարզական ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։
Մամիաշվիլիի խոսքով՝ 28-ամյա, երկու անգամ օլիմպիական, վեց անգամ աշխարհի և հինգ անգամ Եվրոպայի չեմպիոնին մերժել են շենգենյան վիզայի տրամադրումը՝ քաղաքական պատճառներով։
«Նրան իսկապես մերժել են։ Դժվար է բացատրել այդ որոշումը։ Մենք արեցինք ամեն ինչ՝ սկսած ԱԳՆ-ի աջակցությունից մինչև Բրատիսլավայից մեր գործընկերների օգնությունը։ Մինչև երեկ մեզ վստահեցնում էին, որ Սադուլաևը կստանա վիզա։ Ցավոք, եղավ այլ կերպ», — ասել է Մամիաշվիլին։
Ռուսաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կուղևորվի Սլովակիա ապրիլի 6-ի գիշերը, սակայն առանց իր ավագի։ Սադուլաևի փոխարեն մինչև 97 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնությունում հանդես կգա Մագոմեդ Կուրբանովը։
Մամիաշվիլին նշել է, որ մուտքի արգելքը հարված է ինչպես Ռուսաստանի հավաքականին, այնպես էլ հենց մրցաշարին․
«Սադուլաևին վիզայի մերժումը հարված է Եվրոպայի առաջնության հեղինակությանը։ Դա կորուստ է համաշխարհային ըմբշամարտի համար։ Շնորհակալություն եմ հայտնում Բրատիսլավայի գործընկերներին, Մշակույթի և սպորտի նախարարությանը, ԱԳՆ-ին՝ ակտիվ ներգրավվածության համար։ Բայց ցավոք՝ Սադուլաևի մուտքը Շենգեն արգելված է»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0